Թբիլիսիի կենտրոնական հատվածում մի քանի երթեր են տեղի ունենում՝ ի պատիվ Եվրոպայի օրվա և ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի, հայտնում է «Ռիա նովոստին»։
Քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Վրաստանի մայրաքաղաքի չորս վայրերում և երթով շարժվում են դեպի Եվրոպայի հրապարակ։ Նրանք նախատեսում են այնտեղ բողոքի ակցիա անցկացնել։
2023 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Դրանից հետո երկրի մայրաքաղաքում սկսվել էին զանգվածային ցույցեր, որոնք ոստիկանությունն ստիպված է եղել ցրել՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Ավելի ուշ իշխանությունները հետ էին կանչել փաստաթուղթը:
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով խոչընդոտ Եվրամիության ինտեգրման գործընթացին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։ Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր օրինագիծը։
Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ պաշտպանել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի քննարկմանը զուգահեռ՝ տեղի էին ունեցել ակցիաներ, որոնց ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ էին կիրառել։