«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը Թբիլիսիի կենտրոնում, հայտնել է «Ռիա նովոստին»։
Ցուցարարները հերթական հանրահավաքն են անցկացրել խորհրդարանի շենքի դիմաց, որից հետո շարժվել են դեպի Հերոսների հրապարակ, փակել Ճավճավաձեի պողոտայի երթևեկությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 13 անձ։
«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ ցուցարարներն արդեն ազատել են Հերոսների հրապարակը։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագիծը։ Օրինագիծը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագիր։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով խոչընդոտ Եվրամիության ինտեգրման գործընթացին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։