Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել սահմանապահներին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մեկնաբանել է լրագրողի այն հարցը, թե արդյոք Մոսկվան առաջարկե՞լ է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանից։
«Մայիսի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ ամենատարբեր շահարկումների մեծ ծավալ եմ տեսնում։ Իրականությանը չեն համապատասխանում այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ Դա ճիշտ չէ։ Այլ աղբյուրներում պնդում էին, որ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Բաքվի և Երևանի միջև սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին համաձայնագրի շրջանակներում։ Այս ամենը շահարկումներ են»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ իրականությունն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումն Ադրբեջանին սահմանակից Հայաստանի մի շարք շրջաններից՝ նախկինում որոշված մի շարք առաջադրանքների իրականացման հետ կապված:
Մայիսի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռիա նովոստի»-ին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մայիսի 14-ին հայտնել էր, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։
Մանրամասները՝ տեսանյութում։