Ֆրանսիայի կառավարությունը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի անդրծովյան տարածքում անկարգություններ հրահրելու մեջ՝ տարածաշրջանում նրա քաղաքական ազդեցության մտավախությունների պատճառով, գրել է Le Monde-ը։
Նոր Կալեդոնիայում անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը փոփոխություններ է կատարել տարածաշրջանային օրենսդիր ժողովի ընտրությունների մասին օրենքում՝ ձայնի իրավունք տալով վերջին տասը տարիներին Նոր Կալեդոնիայում ապրած Ֆրանսիայի քաղաքացիներին։ Տեղաբնիկ քանաքները վախենում են, որ կկորցնեն քաղաքական ազդեցությունը, քանի որ ֆրանսիացի ընտրողների մասնաբաժինը կտրուկ աճում է:
«Սա ֆանտազիա չէ, սա իրականություն է։ Ես ափսոսում եմ, որ Կալեդոնիայի անկախության շարժման որոշ առաջնորդներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ, դա չի կարելի հերքել։ Դա ձեզ պատկերացում կտա, թե ինչպիսին է երբեմն ժողովրդավարությունը, եթե լսում եք որոշ առաջնորդների»,- մեջբերել է թերթը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի խոսքերը:
Ըստ Le Monde-ի՝ Բաքուն արդեն մի քանի ամիս է ուղղակիորեն միջամտում է Նոր Կալեդոնիայի քաղաքականությանը։ «Բաքվի նախաձեռնող խմբի» նախաձեռնությամբ մարտին տեղի բնակիչների բողոքի ցույցերի ժամանակ ծածանվել էին ադրբեջանական դրոշները, իսկ ապրիլին Ադրբեջանի խորհրդարանը և Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը ստորագրել էին համագործակցության հուշագիր:
Ֆրանսիական հետախուզության աշխատակիցը Politico-ին ասել է, որ Փարիզը «շաբաթներ, նույնիսկ ամիսներ շարունակ դիտարկում է Ռուսաստանի և Ադրբեջանի ակտիվությունը Նոր Կալեդոնիայում»: «Նրանք քարոզում են այն գաղափարը, որ Ֆրանսիան գաղութատիրական պետություն է»,- ավելացրել է հետախուզական գործակալությունը:
Ըստ Politico-ի՝ Բաքվի հետ տեղի իշխանությունների կապերի մասին խոսել է նաև Նոր Կալեդոնիայի կառավարության նախկին ղեկավար Ֆիլիպ Գոմեսը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն ֆինանսավորում է անկախության կողմնակից «Քանաքի սոցիալիստական ազգային ազատագրության ճակատը»։
«Ադրբեջանն ստեղծել է «Բաքվի նախաձեռնողական խումբը», որը ֆինանսավորում է անջատողականներին Ֆրանսիայի բոլոր անդրծովյան շրջաններում։ Անկախության մարտիկների վերջին այցերը Փարիզ ֆինանսավորվել են Բաքվի կողմից։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպաստում է անկախության շարժմանն աջակցելուն, որը կարելի է անվանել արտաքին միջամտություն»,- ասել է Գոմեսը։
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ցուցարարների և ֆրանսիացի իրավապահների միջև բախումները շարունակվում են արդեն երրորդ օրը։ Բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, իսկ պաշտոնական տվյալներով՝ մոտ 200 մարդ ձերբակալվել է։ Իշխանությունները հայտնել են, որ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և երեք քանաք: Նոր Կալեդոնիայի անկախության շարժման 10 ակտիվիստներ, որոնց ոստիկանությունը մեղադրում է անկարգություններ կազմակերպելու մեջ, տնային կալանքի են ենթարկվել։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Ֆրանսիան մոտ 1000 անվտանգության ուժեր է ուղարկում Նոր Կալեդոնիա: Նրանք կմիանան արդեն տարածքում գտնվող 1700 ոստիկանների և զինվորականների:
Նոր Կալեդոնիան ֆրանսիական անդրծովյան տարածք է, որը գտնվում է Ավստրալիայի և Ֆիջիի միջև և 1853 թվականին հռչակել է գաղութ։ 1998-ին ստորագրված համաձայնագրերը նախատեսում էին, որ Նոր Կալեդոնիան երեք հանրաքվե կանցկացնի իր ապագան որոշելու համար։ Վերջին նման պլեբիսցիտը տեղի է ունեցել 2021 թվականի վերջին. երեք դեպքերում էլ տեղի բնակիչները դեմ են արտահայտվել Ֆրանսիայից անկախանալուն։ Նոր Կալեդոնիան զգալի ինքնավարություն ունի Ֆրանսիայից, սակայն մեծապես կախված է նրանից այնպիսի հարցերում, ինչպիսիք են պաշտպանությունը և կրթությունը: