Փարիզի 9-րդ թաղամասում հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակի հուշատախտակ է բացվել, հայտնում է «Ազնավուր» հիմնադրամն Instagram-ում։
«Շառլ Ազնավուրը գիտեր թաղամասի բոլոր փողոցները, որոնք այդքան սիրում էր՝ սկսած Նավարին փողոցում անցկացրած տարիներից մինչև Օլիմպիա, որը նրա ամենագեղեցիկ համերգների կոկոնն էր, իններորդ թաղամասում նա իրեն զգում էր ինչպես տանը»,- նշել են հիմնադրամից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուրի ընտանիքն ապրել է այս թաղամասում և թաքուն իրենց բնակարանում ապաստան է առաջարկել Մելինա և Միսաք Մանուշյաններին, ինչպես նաև դիմադրության մյուս մարտիկներին, ասվում է հաղորդագրությունում։
Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին Փարիզի իններորդ շրջանի ղեկավար Դելֆին Բյուրքլին և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը կվերանվանվի Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։