Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտնել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վերաբերյալ մանրամասները։
Նա պարզաբանել է, որ Ադրբեջանում «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությանը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ) նախագահ Ռայիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը մի քանի ուղղաթիռներով վերադառնում էին, ուղղաթիռներից մեկը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։
Վահիդին նշել է, որ տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել։ Ըստ իրանական Կարմիր մահիկի՝ ուղղաթիռով որոնողափրկարարական աշխատանքները հնարավոր չեն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
ԻՌՆԱ-ի թղթակցի փոխանցմամբ, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, Իրանի նախագահը պետք է թռչեր Թավրիզ։
«Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա, նախագահին ուղեկցում էր 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ վերադարձավ, նախագահը պետք է գնար Թավրիզի նավթավերամշակման գործարանում նախագծի բացմանը, եղանակը ցուրտ է, և այս պայմանները պատճառ դարձան նախագահական ուղղաթիռի կոշտ վայրէջքի»,- նշել է նա։
Ավելի վաղ, ըստ Իրանի պետական հեռուստատեսության, ուղղաթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նախագահ Ռայիսի մահվան դեպքում 50 օրվա ընթացքում Իրանում նոր ընտրություններ կանցկացվեն։