Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը գերազանցել է 20-ը: «Ռիա Նովոստին» հայտնել է, որ այդ մասին Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ անվտագության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Այս փուլում մենք հաստատում ենք ոճրագործությանը մեղսակիցների ամբողջ շրջանակը։ Արդեն ձերբակալվել է ավելի քան 20 անձ, այդ թվում՝ ահաբեկչության անմիջական կատարողներն ու աջակիցները»,- ասել է Բորտնիկովը:
Նա տեղեկացրել է, որ հարձակման չորս մասնակիցներից երկուսն ահաբեկչությունից առաջ Ռուսաստան են ժամանել Թուրքիայից։ Ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ այնտեղից ժամանել է մարտի 4-ին։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, զոհերի թիվը հասել է 144-ի։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել։