Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան մայիսի 28-ին պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը, հայտնում է Euronews-ը։ Երեք երկրների կառավարություններն այդ մասին որոշումներ են հրապարակել։
«Սա պատմական որոշում է, որի միակ նպատակն է նպաստել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության հաստատմանը: Պաղեստինի ճանաչումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, ուղղված չէ Իսրայելի դեմ, որին մենք գնահատում և հարգում ենք և որի հետ մենք ձգտում ենք հնարավորինս սերտ հարաբերություններ պահպանել»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։