Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Associated Press-ը։
Գործակալությունը նշում է, որ միայն ընտրություններին գրանցվելը դեռևս չի ապահովում դրանց մասնակցելու իրավունք։ Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող գրանցված թեկնածուների ցուցակը։ Սպասվում է, որ Պահապան խորհուրդն այս ցուցակը կհրապարակի հունիսի 11-ին, և միայն դրանից հետո նրանք կկարողանան մտնել ընտրարշավի մեջ։
Հունիսի 1-ի դրությամբ՝ Իրանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 12 թեկնածու։
Աղբյուրը նշում է, որ Ահմադինեժադը մինչ այժմ գրանցված ամենահայտնի թեկնածուն է։ Իր գրանցումից հետո ելույթ ունենալով՝ նա խոստացել է «կառուցողական ներգրավվածության» ձգտել աշխարհի հետ և բարելավվել տնտեսական հարաբերությունները բոլոր ազգերի հետ:
Ահմադինեժադն Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2005-2013թթ․։ Նա գրանցվել էր նաև 2017 և 2021 թվականների նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, սակայն Պահապանների խորհուրդը նրա թեկնածությունը չէր հաստատել։
Իրանի հյուսիս-արևմուտքում ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Մոհամեդ Մոհբերին։