Մեքսիկայի իշխող Մորենա ազգային վերակառուցման շարժման առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում հաղթանակի մասին, հայտնում է «Ռիա նովոստին»։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել միլիոնավոր մեքսիկացիների, ովքեր քվեարկեցին մեր օգտին այս պատմական ընտրություններում, և մենք կշարունակենք հանրային կյանքի չորրորդ վերափոխումը մեր գեղեցիկ երկրում»,- ասել է նա աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Ազգային ընտրական ինստիտուտի արագ հաշվարկի համակարգի վերջին տվյալների՝ Շեյնբաումը քվեաթերթիկների 52 տոկոսը մշակելուց հետո ունի ձայների 57,75 տոկոսը։
Ընտրություններում քվեարկության հաղթողը ոոշվում է մեկ փուլով՝ հարաբերական մեծամասնական ընտրակարգով. նախագահ է դառնում այն թեկնածուն, ով ավելի շատ ձայն է հավաքում։ Վեց տարի ժամկետով երդմնակալությունը տեղի կունենա ընտրությունների օրվանից չորս ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին։
Մեքսիկայում համընդհանուր ընտրությունները կայացել են հունիսի 2-ին, արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն ձայների հաշվարկից հետո, որը կտևի հունիսի 5-8-ը։ Նախնական տվյալներով՝ նախագահի պաշտոնի համար պայքարում Շեյնբաումի առավելությունն իր մրցակիցների նկատմամբ գերազանցում է 30%-ը։