Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում 42 օր ժամկետով դադարեցնել պատերազմը՝ պատանդներին ազատելու համար, հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Kan ռադիոկայանին։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելն ամբողջովին չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին՝ ներառյալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լիակատար վերացմանը։
«Պատանդներին վերադարձնելու համար կարող ենք 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, բայց մենք չենք հրաժարվի լիակատար հաղթանակի հասնելուց»,- ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ՝ Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է այս հանդիպումից նրա հայտարարություններից մեկը, որում նա հերքում է կրակը դադարեցնելու մասին իր պատրաստակամությունը՝ առանց իսրայելական պայմանների կատարման։
«Այն պնդումը, թե մենք համաձայնել ենք հրադադարի առանց մեր պայմանների կատարման, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Նեթանյահուն։
Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ չի դիտարկում Գազայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունը՝ առանց պաղեստինյան շարժման ռազմական և քաղաքական ներուժն ամբողջությամբ վերացնելու։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։
Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։