Իսպանիայում հնագետները հռոմեական դամբարանում հայտնաբերել են աշխարհի ամենահին գինին, որը մոտ 2000 տարեկան է, հայտնում է Journal of Archaeological Science գիտական ամսագիրը։
Հոդվածում ասվում է, որ երկրի հարավում գտնվող Կարմոնա քաղաքում վերականգնողական աշխատանքների ժամանակ գիտնականները գտել են կոլեկտիվ ստորգետնյա դամբարան, որը թվագրվում է մեր թվարկության 1-ին դարի առաջին կեսով։ Համալիրում հայտնաբերվել է մոխիր պարունակող 6 կարաս, որոնցից մեկում կարմրավուն հեղուկ է եղել։ Հետազոտությունները հաստատել են, որ դա գինի է, այն պահպանվել է հեղուկ վիճակում։ Լաբորատոր վերլուծությունը հետագայում ցույց է տվել, որ այն սպիտակ գինի է, սակայն գույնը փոխվել է քիմիական գործընթացների արդյունքում։
Ենթադրվում է, որ դամբարանը ծառայել է որպես հարուստ ընտանիքի գերեզման։ Նշվում է, որ Հին Հռոմում գինին ունեցել է կրոնական և խորհրդանշական նշանակություն և սերտորեն կապված էր թաղման ծեսերի հետ։ Հաճախ ըմպելիքը ջրի և մեղրի հետ միասին դնում էին գերեզմաններում՝ «հանգուցյալին դեպի լավ աշխարհ անցնելու ժամանակ ուղեկցելու նպատակով»։
Մինչ այս հայտնագործությունը, ենթադրվում էր, որ հեղուկ վիճակում պահպանված ամենահին գինին հայտնաբերվել է 1867 թվականին՝ գերմանական Շպեյեր քաղաքի մոտ գտնված հռոմեական դամբարանում: Ըստ հետազոտողների՝ այն մոտավորապես 1,7 հազար տարեկան է։