Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի չորս անդամ Շվեյցարիայի դատարան է ներկայացել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մեղադրանքով, հայտնում է BBC-ն։ Ենթադրվում է, որ Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 47 միլիարդ դոլար, ավելի շատ գումար է ծախսել «իրենց շան խնամքի», քան իրենց ծառաներին վարձատրելու համար:
Ժնևի հարուստ շրջաններից մեկում գտնվող վիլլայում, որը պատկանում է Հինդուջա ընտանիքին, ծառաները խնամում էին երեխաներին և հետևում տանը: Քննիչների տվյալներով՝ Պրակեշ և Քամալ Հինդուջաները, ինչպես նաև նրանց որդին՝ Աջայը և նրա կինը, ծառաներին վճարել են 8 դոլար 18-ժամյա աշխատանքային օրվա համար։ Դատախազներից մեկը ծառայողների աշխատավարձերը համեմատել է այն գումարի հետ, որը մեղադրյալը տարեկան ծախսում է իրենց շանը խնամելու համար՝ 10 հազար դոլար։
Ընտանիքի փաստաբանները չեն հերքել, որ աշխատակիցները ցածր աշխատավարձ են ստացել, սակայն նշել են, որ գումարները պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում: Նրանք ասել են, որ աշխատակիցները սենյակ ու ճաշարան ունեն։ Արտաժամյա աշխատանքի մասին պնդումները որակվել են «չափազանցված», իսկ իրավաբաններից մեկը նշել է, որ երեխաների հետ ֆիլմեր դիտելը «չի որակվում որպես աշխատանք»։ Բացի այդ, նախկին աշխատակիցներից ոմանք ցուցմունքներ են տվել Հինդուջաների օգտին՝ նրանց բնութագրելով որպես համերշխ ընտանիք, որն արժանապատվորեն էր վերաբերվում ծառաներին:
BBC-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ ընտանիքը համաձայնել է շահագործման գործով ֆինանսական կարգավորմանը, սակայն մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով դատավարությունը շարունակվում է։ Աշխատակիցները, իբր, Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են Շվեյցարիա, և նրանց ազատությունը սահմանափակվել է անձնագրերի առգրավմամբ և վիլլայից դուրս գալու արգելքով:
Դատախազն ամբաստանյալների համար պահանջում է ազատազրկում, ինչպես նաև 1 միլիոն դոլարի փոխհատուցում։ Հնդկական արմատներով բրիտանացի ձեռնարկատերերի Հինդուջա ընտանիքին է պատկանում Hinduja Group-ը, որը հիմնադրվել է 1914 թվականին: Ընկերությունը ներգրավված է ավտոմոբիլային արդյունաբերության, նավթի վերամշակման և հեռահաղորդակցության ոլորտներում: