Just Stop Oil կազմակերպության էկոակտիվիստները նարնջագույն ներկ են լցրել Անգլիայի Սթոունհենջ քարե համալիրի վրա, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է, հայտնում է «Պրավիլա ժիզնի» ամսագիրը։
Just Stop Oil-ի հայտարարության մեջ ասվում է, որ ակցիայի նպատակն է ստիպել կառավարությանը մինչև 2030 թվականն աստիճանաբար դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը և ամբողջությամբ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին: Բացի այդ, շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ակցիան անցկացրել են ամառային արևադարձի նախօրեին, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվում Սթոունհենջում։
Մի քանի մարդ փորձել է կանգնեցնել ակտիվիստներին, սակայն ապարդյուն։ Միաժամանակ՝ Just Stop Oil-ից ասել են, որ իրենք օգտագործել են եգիպտացորենի ալյուրի հիմքով ներկ, և այն լվացվում է անձրևով։
ՄԹ վարչապետ Ռիշի Սունակը խստորեն դատապարտել է գործողությունը և այն անվանել «վանդալիզմի վրդովեցուցիչ գործողություն Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենակարևոր և հնագույն հուշարձաններից մեկի նկատմամբ»:
Փետրվարին էկոակտիվիստները Լուվրում ապուր էին լցրել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» վրա, նույնն արել էին Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի հետ։