Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը, հայտնում է WAFA գործակալությունը:
Նշվում է, որ սա համարձակ և նշանակալի որոշում է՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում կայունությանն ուղղված կարևոր քայլ:
«Հայաստանի իմաստուն որոշումը համահունչ է «երկու պետություն» սկզբունքներին։ Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ պաղեստինցիներին և նրանց օրինական իրավունքներին աջակցելու համար»,- ասված է հայտարարությունում:
Պաղեստինի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր բարեկամական երկրներին և ժողովուրդներին, որոնք նման քայլի են գնացել։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ տարբեր միջազգային հարթակներում Երևանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը։ Հայաստանի դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ «խիստ նկատողություն» ստանալու։