Իտալական Ալտավիլա Վիսենտինայում մի խումբ զինված մարդիկ մտել են 57-ամյա նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյի բնակարան, երբ նա ընտանիքի հետ դիտում էր Եվրոպայի առաջնությունը, հայտնում է The Athletic-ը։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսպանիայի հավաքականը մրցում էր Իտալիայի ընտրանու հետ (1:0): Բաջոն փորձել է կանգնեցնել հանցագործներին, սակայն նրանցից մեկն ատրճանակով հարվածել է նրա գլխին։ Այնուհետև կողոպտիչները նախկին ֆուտբոլիստին և նրա ընտանիքին փակել են սենյակներից մեկում։
Ըստ աղբյուրի՝ կողոպուտը տևել է մոտ 40 րոպե։ Բաջոյի բնակարանից գողացել են ժամացույցներ, զարդեր ու գումար։ Երբ հանցագործները դուրս են եկել տանից, նախկին մարզիկը կոտրել է սենյակի դուռը, դուրս եկել և ոստիկանություն կանչել։ Բաջոն տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ նա մի քանի կար է ստացել իր ճակատին: Ընտանիքի մնացած անդամները չեն տուժել։
Ռոբերտո Բաջոն 15 տարի ապրում է Ալտավիլա Վիսենտինայում կնոջ և երեք երեխայի հետ։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել բազմաթիվ ակումբներում, այդ թվում՝ «Ֆիորենտինայում», «Յուվենտուսում» և «Միլանում»։ 1993 թվականին Բաջոն դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։