Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը «խիզախ որոշում» է անվանել Հայաստանի կողմից Պաղեստին անկախ պետության ճանաչումը։
Նա ընդգծել է, որ Երևանի նման որոշումն «արտացոլում է պատմության ճիշտ կողմում բարեկամ երկրի դիրքորոշումը», հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Ահմեդ Աբուլ Ղեյտը հավելել է, որ Պաղեստինը ճանաչող պետությունների շրջանակի ընդլայնումը վկայում է միջազգային հանրության կողմից օկուպացիայի շարունակման անհնարինության և փոխզիջումային լուծման անհրաժեշտության ըմբռնման ուժեղացման մասին, և կարևոր քայլ է դեպի միջազգային հարթակում 1967թ. սահմաններով Պաղեստին պետության ձևավորումը:
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։