Սաուդյան Արաբիայում Հաջի՝ դեպի սուրբ Մեքքա քաղաք մուսուլմանական ավանդական ուխտագնացության ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1300-ը, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Հաջի ժամանակ մահերի թիվը կազմել է 1301։ Զոհված ուխտավորների 83%-ը գրանցված չեն եղել և հատուկ վիզա չեն ունեցել։ Այդ վիզան հնարավորություն է տալիս մուտք գործել Հաջի երթուղով նախատեսված օդափոխվող տարածքներ, որոնք սահմանել է Սաուդյան Արաբիայի իշխանությունը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նախարարությունում հավելել են, որ մեծամասնության դեպքում մահը վրա է հասել ծայրահեղ շոգի ֆոնին ջրազրկման և ֆիզիկական հյուծվածության պատճառով: Գերատեսչության տվյալներով՝ Մեքքայում ջերմաստիճանը հասել է +47 աստիճանի։
Հունիսի 20-ին զոհերի թիվը հասել էր 1000-ի։ Հաջն իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է՝ ուխտագնացություն դեպի Մեքքա և Մեդինա, որը յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում մեկ անգամ պետք է կատարի։