ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Սևաստոպոլի վրա հարձակման գործով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրեյսիի հետ զրույցի ժամանակ նրան «դեմարշ է հայտարարվել»։
«Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող և փաստացի հակամարտության կողմ դարձած ԱՄՆ-ն, Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ Սևաստոպոլի բնակիչների դեմ կիրառված կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնց թիրախի սահմանումն ու թռիչքային նպատակների ներդրումն իրականացնում են ամերիկացի ռազմական մասնագետները, այս հանցագործության համար հավասար պատասխանատվություն է կրում Կիևի ռեժիմի հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողություններն «անպատիժ չեն մնա» և անպայման կհետևեն պատասխան քայլեր։
Հունիսի 23-ին հայտնել էինք, որ Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, որոնց թվում 2 երեխա կա։ Վիրավորվել է 144 մարդ։