Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մինչդատական պալատը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել, տեղեկանում ենք ՄՔԴ կայքից։
Շոյգուին և Գերասիմովին դատարանն Ուկրաինայի դեմ գործողությունների, մասնավորապես, քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար «ռազմական հանցագործության» մեջ է մեղադրում։
«Հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալները պատասխանատվություն են կրում առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը ՌԴ զինված ուժերի կողմից ուկրաինական Էլեկտրական ենթակառուցվածքին հասցված հրթիռային հարվածների համար: Այս ընթացքում ռուսական զինված ուժերը մեծ թվով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող տարբեր վայրերում գտնվող բազմաթիվ էլեկտրակայանների և ենթակայանների»,- ասված է ՄՔԴ հայտարարության մեջ։
2023-ի մարտին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։