Ռուս պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հայտնել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Մոսկվա ժամանելու մասին, գրում է «Կոմերսանտը»:
Պրոդյուսերը նշել է, որ ռեփերը կարող է համերգ տալ «Լուժնիկի» մարզադաշտում:
«Եթե դա տեղի ունենա, 3 օրում 80 հազար տոմս կսպառվի: Նա շատ պայծառ դեմք է, խոսքերն ավելորդ են»,- գրել է Ռուդկովսկայան իր տելեգրամյան ալիքում։
Ավելի ուշ РБК-ն, հղում անելով «Լուժնիկի» մամուլի ծառայությանը, հայտնել է, որ համերգային հարթակն ամերիկացի ռեփերի համերգի անցկացման մասին պայմանագրեր չի կնքել:
«Այս պահին «Լուժնիկիում» այս միջոցառման վերաբերյալ կնքված պայմանագրեր չկան»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութ, որում դիզայներ Գոշա Ռուբչինսկին զբոսնում է Մոսկվայում, իբր, Ուեսթի ուղեկցությամբ: Պարբերականը նշում է, որ տեսանյութերից ոչ մեկում չի երևում տղամարդու դեմքը, որին ներկայացնում են որպես Ուեսթ։ Որոշ տելեգրամյան ալիքների տվյալներով՝ Ուեսթը Մոսկվա է ժամանել Ռուբչինսկու ծննդյան օրը։