Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, նախնական տվյալներով, առաջատար է աջակողմյան «Ազգային միություն» կուսակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին։
Նրանց տվյալներով՝ «Ազգային միություն»-ն ստացել է ձայների 34,2 տոկոսը, ձախակողմյան կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ 29,1 տոկոսը։ Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքն ստացել է ձայների 21,5%-ը։
ՆԳՆ-ն հայտնել է ընտրություններին ռեկորդային մասնակցության մասին։ Տեղական ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ՝ այն կազմել է 59,39%:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Elabe սոցիոլոգիական ծառայության տվյալներին, երկրորդ փուլից հետո «Ազգային միություն»-ը կարող է ստանալ 260-ից 310 տեղ Ազգային ժողովում, «Նոր ժողովրդական ճակատ»-ը՝ 115-ից 145, իսկ «Միասին հանուն հանրապետության»՝ 90-ից մինչև 120 տեղ:
Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին։ Հունիսի 9-ին Ֆրանսիայի նախագահը որոշում էր կայացրել ցրել խորհրդարանի ստորին պալատը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։