Թուրքիայի իշխանությունները 67 մարդու են ձերբակալել տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, որի ժամանակ մասնակիցները հրկիզել են սիրիացի ներգաղթյալներին պատկանող տներն ու մեքենաները, գրում է Al-Monitor-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ Թուրքիայի Կայսերի նահանգում ցուցարարներն «ապօրինի են գործել՝ վնասներ պատճառելով Սիրիայի քաղաքացիներին պատկանող տներին, ձեռնարկություններին և մեքենաներին»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես անկարգություններն «անընդունելի» է անվանել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Բողոքի ցույցերի ընթացքում տուժել է առնվազն 10 ոստիկան։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ անկարգությունների որոշ մասնակիցներ հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել՝ վանկարկելով «Էրդողան, հրաժարական տվեք», իսկ մյուսները բղավել են՝ «Մենք չենք ուզում, որ սիրիացիներ լինեն մեր երկրում»:
Անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ սիրիացուն մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ ՆԳ նախարարի խոսքով՝ Սիրիայի քաղաքացին տեղի համայնքի կողմից հանձնվել է իշխանություններին, երբ բռնության է ենթարկել անչափահաս սիրիացի աղջկան՝ իր ազգականին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում ապրում է ավելի քան 3 միլիոն սիրիացի, ովքեր փախել են 2011 թվականին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմից։ Նրանցից մոտավորապես 80 հազարն ապրում է Կայսերիում։