Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանին գտնվող հիմնական սահմանային անցակետերը սիրիացիների կողմից թուրքական զորքերի ուղղությամբ կրակոցներից հետո, հայտնում է Reuters-ը։
Սիրիայում բախումներն սկսվել էին Թուրքիայում հակասիրիական անկարգություններից հետո։ Սիրիացի ներգաղթյալների նկատմամբ բռնություններ էին սկսվել հուլիսի 1-ին, երբ սիրիացի տղամարդուն մեղադրել էին անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։
Թուրքիայի MIT հետախուզական գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ բռնությունը տարածվել է Հաթայ, Գազիանթեփ, Քոնիա, Բուրսա նահանգներում և Ստամբուլի շրջաններից մեկում։ Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել սիրիացիների շրջանում որոշ վիրավորների մասին:
Հարյուրավոր զայրացած սիրիացիներ դուրս են եկել ապստամբների կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քանի քաղաքների փողոցներ, որտեղ Թուրքիան ունի հազարավոր զինվորականներ և ստեղծել է ազդեցության գոտի:
Սահմանապահ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Թուրքիան արձագանքել է անկարգություններին՝ մինչև հետագա որոշումը փակելով Բաբ ալ Հավա սահմանային անցակետը, որը հիմնական առևտրային և ուղևորատար խողովակն է ավելի քան 3 միլիոն բնակչի համար, ինչպես նաև Բաբ ալ Սալամը և այլ փոքր անցումներ։
Ըստ պարբերականի՝ սիրիական սահմանամերձ Աֆրին քաղաքում ամենակատաղի բախումներն են տեղի ունեցել, որտեղ զինված ցուցարարների և թուրքական զորքերի փոխհրաձգության արդյունքում զոհվել է առնվազն չորս մարդ:
Մյուս վայրերում տեղի են ունեցել փոխհրաձգություններ և զինված բախումներ, որոնց հետևանքով մի քանի քաղաքներում խաղաղ բնակիչները քարեր են նետել թուրքական ավտոշարասյունների վրա, իսկ որոշ գրասենյակներից պոկել են Թուրքիայի դրոշը: Մի քանի թուրք պաշտոնյաներ Սիրիայում անկարգությունները որակել են որպես «սադրանք»:
Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխանությունները 67 մարդու էին ձերբակալել տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, որի ժամանակ մասնակիցները հրկիզել էին սիրիացի ներգաղթյալներին պատկանող տներն ու մեքենաները։