Թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը, Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ավստրիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Թուրք կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը «տոնում է» իր գոլն Ավստրիայի դեմ խաղում ֆաշիստական «Գորշ գայլեր»-ի ողջույնով, որը ռասիստական ժեստ է, խորհրդանշում է ատելությունը և ցեղասպանական բռնությունը քրիստոնյաների և քրդերի նկատմամբ»,- ասված է զեկույցում:
Հանձնախումբը կոչ է արել Դեմիրալին պատժել կարմիր քարտով և ցմահ զրկել բոլոր միջազգային հանդիպումներից։
Այս ժեստն օգտագործել էր նաև Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2022 թվականի ապրիլի 24-ին՝ Ուրուգվայի հայկական կազմակերպություններին։
«Գորշ գայլերն» ազգայնական թուրքական կազմակերպություն է, որը գովաբանում է Հայոց ցեղասպանությունը և քարոզում «թուրքական ռասայի» գերազանցությունը։ 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիան արգելել էր «Գորշ գայլերի» գործունեությունը, ինչին Թուրքիան խոստացել էր «ուժեղ պատասխան» տալ։ Ավելի ուշ գերմանական մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ կոչ էին արել երկրի կառավարությանը հետևել Փարիզի օրինակին և արգելել թուրքական աջակողմյան կազմակերպությունը, որից հետո «Գորշ գայլերի» անդամներն սկսել էին սպանությամբ սպառնալ Գերմանիայում ապրող հայերին։