Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննում է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի պահվածքը, ով հուլիսի 2-ին Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի Ավստրիայի հավաքականի դեմ խաղի ընթացքում ցույց էր տվել ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության «անպատշաճ» ժեստը, հայտնում է The Athletic-ը։
«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հետաքննություն է սկսվել՝ կապված Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խաղացող Մերիհ Դեմիրալի ենթադրյալ խախտման հետ»,- մեջբերում է թերթն ՈւԵՖԱ-ի խոսքերը։
Գործը հետաքննում է ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահության տեսուչը: Ժեստն անօրինական չէ Գերմանիայում, սակայն այն անօրինական է Ավստրիայում, որտեղ այն ենթադրում է մինչև 4000 եվրո տուգանք: Թուրքական ազգայնական ժեստն արգելված է նաև Ֆրանսիայում։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆասերը ողջունել է ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ հետաքննել թուրք ֆուտբոլիստի պահվածքը։ «Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Եվրոպայի առաջնությունը չպետք է օգտագործվի ռասիզմ քարոզելու համար։ Մենք ակնկալում էինք, որ ՈՒԵՖԱ-ն կքննարկի և կհետաքննի պատժամիջոցները»,- ասել է նա:
Ֆուտբոլիստը ևս մեկնաբանել է իր ժեստը՝ խոստովանելով, որ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը։ «Ես շատ հպարտ եմ, որ թուրք եմ, ուստի գոլից հետո դա խորապես զգացի և ցանկացա դա անել: Եվ ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Դեմիրալը:
Ֆուտբոլիստը հրապարակել է իր գոլի տոնակատարության լուսանկարը՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերը մեջբերելով. «Որքան երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 3-ին կոչ էր արել Դեմիրալին կարմիր քարտով պատժել և ցմահ հեռացնել բոլոր միջազգային հանդիպումներից։
«Գորշ գայլերն» ազգայնական թուրքական կազմակերպություն է, որը գովաբանում է Հայոց ցեղասպանությունը և քարոզում «թուրքական ռասայի» գերազանցությունը։ 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիան արգելել էր «Գորշ գայլերի» գործունեությունը, ինչին Թուրքիան խոստացել էր «ուժեղ պատասխան» տալ։ Ավելի ուշ գերմանական մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ կոչ էին արել երկրի կառավարությանը հետևել Փարիզի օրինակին և արգելել թուրքական աջակողմյան կազմակերպությունը, որից հետո «Գորշ գայլերի» անդամներն սկսել էին սպանությամբ սպառնալ Գերմանիայում ապրող հայերին։