ՈւԵՖԱ-ն Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին որակազրկել է երկու խաղով՝ «Գորշ գայլերի» ծայրահեղ ազգայնական ժեստի համար, հայտնում է BILD-ը։ Նա բաց կթողնի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Նիդերլանդների ընտրանու դեմ հուլիսի 6-ին կայանալիք հանդիպումը, ինչպես նաև հնարավոր կիսաեզրափակիչը։
Պաշտպանը ժեստը ցուցադրել էր Ավստրիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչ փուլի խաղում խփած գոլից հետո (2-1)՝ իսկական սկանդալ առաջացնելով։
Պարբերականը հիշեցրել է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ տրիբունաներում և նաև խաղադաշտում արգելվում են քաղաքական ուղերձները։
Հուլիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննում է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի պահվածքը։ Ֆուտբոլիստի ցուցադրած ժեստն անօրինական չէ Գերմանիայում, սակայն անօրինական է Ավստրիայում, որտեղ ենթադրում է մինչև 4000 եվրո տուգանք: Թուրքական ազգայնական ժեստն արգելված է նաև Ֆրանսիայում։