Գելզենկիրխեն քաղաքը, որը գտնվում է Գերմանիայի արևմտյան մասում, ժամանակավորապես կվերանվանվի Թեյլոր Սվիֆթի անունով՝ երգչուհու համերգային շրջագայության կապակցությամբ, հայտնում է Spiegel-ը։ Նրա համերգների ժամանակ քաղաքը կոչվելու է «Սվիֆթկիրխեն»։
Գաղափարն առաջարկել է Սվիֆթի երիտասարդ երկրպագու, դպրոցական Ալեշանի Ուեսթհոֆը։ Աղջիկը խնդրագիր է ստեղծել, որը գրավել է քաղաքի քաղաքապետ Կարին Ուելգեի ուշադրությունը։ Նա աջակցել է առաջարկին, այն անվանելով «հիանալի»:
Աշակերտուհին մասնակցել է քաղաքի նոր անունով ցուցանակի բացման արարողությանը, որում պատկերված է Սվիֆթի դիմանկարը։
Սվիֆթ-տրամվայն արդեն շրջում է քաղաքում: Երգչուհին Փառքի ծառուղում կստանա նաև սեփական քարը, իսկ համերգների ժամանակ նրա պատվին խնջույք կկազմակերպվի քաղաքի կենտրոնում։
Թեյլոր Սվիֆթի համերգները Գելզենկիրխենում տեղի կունենան հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին և կնշանավորեն նրա շրջագայության մեկնարկը Գերմանիայում։ Ակնկալվում է, որ այս համերգներից յուրաքանչյուրին կմասնակցի շուրջ 70 հազար մարդ։