Ռուս ըմբիշները չեն մասնակցի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիային։
«Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել ազատ, կանանց և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականների մարզչական շտաբի ևՕլիմպիական խաղերի հրավեր ստացած մարզիկների հետ և միաձայն որոշում է կայացրել հրաժարվել Օլիմպիական խաղերին մասնակցելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Ֆեդերացիան ընդգծել է, որ ազատ ոճի, կանանց և հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականների մարզիկներն ու մարզիչները չեն հետևի քաղաքական գործիչների օրինակին և թույլ չեն տա, որ կոտրվի նրանց ոգին և խաթարվի թիմային միասնության սկզբունքը։ Նրանք հավելել են, որ հրաժարվում են ընդունել Օլիմպիական ծաղերին մասնակցության իրավունք ստացած մարզիկների ցանկը կազմող Միջազգային օլիմպիական կոմիտեի ընտրության ոչ սպորտային սկզբունքը։
Հունիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլ էր տվել ռուս տասը ըմբիշի մասնակցել Փարիզի խաղերին, որոնցից ինն ընդունել էր հրավերը։ Ընդհանուր առմամբ՝ ռուս մարզիկներն Օլիմպիական խաղերի 16 արտոնագիր են ստացել։ ՄՕԿ-ի հրապարակած ըմբիշների ցուցակում ազգային հավաքականների շատ առաջատարներ չկան։ Ավելի ուշ կոմիտեն պարզաբանել էր, որ ցուցակը չի համալրվելու։ Դրանից անմիջապես հետո ձյուդոյի Ռուսաստանի ազգային հավաքականը հրաժարվել էր խաղերին մասնակցելուց։