Փարիզի Պոմպիդու թանգարանը չի գործում. աշխատակիցները գործադուլ են անում՝ կապված Օլիմպիական խաղերի ժամանակ մարդկանց սպասվող կուտակումների հետ, հայտնել է Le Monde թերթը։
Փարիզի առաջատար ժամանակակից արվեստի թանգարանն աշխատանքային օրվա ընթացքում փակվել է այցելուների համար: Գործադուլ սկսած թանգարանի աշխատողները հրաժարվել են առանց լրացուցիչ վճարի 2024-ի Օլիմպիական խաղերի օրերին հերթափոխի դուրս գալ։
«Մեզ վրա մեծ ազդեցություն կունենան Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ նախատեսված միջոցառումները։ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը տեղի կունենա հուլիսի 14-ին, և մենք այն հաստատություններից ենք, որոնք չեն փակվի օլիմպիադայի ժամանակ»,- պարզաբանել է Force Ouvriere արհմիության քարտուղար Ֆիլիպ Մահեն:
Հունիսի 23-ին Ֆրանսիայի կառավարությունն օրենք էր հրապարակել, ըստ որի՝ լրացուցիչ բոնուսներ կստանան ոչ բոլոր պետծառայողները։
Հիշեցնենք, որ ֆրանսիական Force Ouvriere արհմիությունը հուլիսի 1-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում գործադուլ անցկացնելու մասին ծանուցում էր ներկայացրել: Եթե Պոմպիդու կենտրոնի ղեկավարությունը չհամաձայնի աշխատակիցներին 1,5 հազար եվրո պարգևավճար վճարել, գործադուլը կշարունակվի նաև Օլիմպիական խաղերի մեկնարկից հետո: