Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրված Քիր Սթարմերին և հայտարարել, որ պատրաստ է հանդիպել և քննարկել Երևանի և Լոնդոնի միջև համագործակցության խորացման հարցը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Լիահույս եմ, որ ներկայիս դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կհամալրվի հեռանկարային ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։ Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ վարչապետը։
Հուլիսի 5-ին Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես ստանձնել էր Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը։ Նախորդ վարչապետ Ռիշի Սունակն իր կուսակցության պարտությունից հետո հուլիսի 4-ին հրաժարական էր տվել։ Պահպանողական կուսակցությունը խորհրդարանում ստացել է 121 տեղ՝ կորցնելով 250-ը: Լեյբորիստներն ստացել են 412 մանդատ (աճը՝ 211 մանդատով)՝ նախկինում 14 տարի ընդդիմություն լինելով։