Ֆրանսիայում ամփոփվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, ըստ որոնց՝ հաղթում է ձախակողմյան «Նոր ազգային ճակատ» դաշինքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրորդ տեղում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին հանուն հանրապետության» դաշինքը, իսկ ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունը երրորդն է։
Նշվում է, որ ըստ ստացած ձայների, ձախերը խորհրդարանում 577 մանդատից կարող են ստանալ 175-205-ը, «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ 150-175, իսկ աջերը՝ 115–150 մանդատ։
Դաշինքներից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստացել։
Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 30-ին։ Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո Մակրոնը որոշում էր կայացրել ցրել խորհրդարանի ստորին պալատը։