ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը The Jerusalem Post-ի իր հոդվածում կոչ է արել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը չընկալել որպես Իսրայելի դեմ ուղղված քայլ։ Նա Երևանի գործողությունները պայմանավորել է Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ։
«Հայաստանի որոշման վրա կարող էին ազդել տարածաշրջանային խոշոր խաղացողները, որոնք ընդգծում են նրա խոցելիությունն այնպիսի հարևանների ճնշման նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է, որն ավելի ակտիվացավ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո», – նշել է նախկին դեսպանը։
Նրա խոսքով՝ այս քայլը ոչ այնքան պատասխան է Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության, որքան Երևանի կողմից ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հարգման, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման դեպքերի առնչությամբ երկրի պարտավորությունների արդյունք, ինչը հետագայում կարող է հանգեցնել Կոսովոյի, Հարավային Սուդանի և մյուս մասամբ ճանաչված պետությունների ճանաչմանը։
Դիվանագետը նշել է, որ Իսրայելի բացասական արձագանքը Երևանի պաղեստինամետ քայլին «հատկապես կատաղի» էր և կտրուկ հակադրվում էր Իսպանիայի, Սլովենիայի և Բելգիայի նմանատիպ հայտարարությունների արձագանքին:
«Մեր իսրայելցի գործընկերները հաճախ զարմանում են, թե ինչո՞ւ է Ադրբեջանին զենքի վաճառքն այլ երկրների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը և Բելառուսը, ընդունելի, բայց ոչ Իսրայելի կողմից: Պատասխանը կայանում է նրանում, որ Հայաստանն ու Իսրայելը, որպես Մեծ Մերձավոր Արևելքի միակ ոչ մահմեդական և ժողովրդավարական երկրներ, չպետք է վնասեն միմյանց, այլ պետք է միասին աշխատեն տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։
Նշելով, որ Հայաստանն աշխարհաքաղաքական վերակողմնորոշում է ապրում, մոտենում է ԱՄՆ-ին և մտածում ԵՄ անդամակցության մասին, նախկին դեսպանն ասել է, որ Իսրայելը «պետք է դիտարկի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանն աջակցելը, որպեսզի օգնի Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել անվտանգության ռազմավարության փոփոխությանը»:
«Այս համագործակցությունը կընդլայնի երկու երկրների ներկայությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Հնդկաստանում և Ծոցի երկրներում»,- նշել է Հովհաննիսյանը։
Նախկին դեսպանը գրել է, որ Հայաստանի և Իսրայելի միջև «կա ընդհանուր պատմության, մտերմության և համախոհության խոր զգացում», որը, ըստ նրա, պետք է օգտագործվի ի շահ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների։
Հայաստանում թաքնված հակասեմիտիզմ չկա, ինչպես Իսրայելում չկա բնածին հայատյացություն, հայտարարել է նա։
«Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը համահունչ է նրա վաղեմի սկզբունքներին և չպետք է դիտվի որպես վնաս հայ-իսրայելական ապագա հարաբերություններին։ Փոխարենը՝ երկու երկրները պետք է վերահաստատեն իրենց ընդհանուր արժեքները և միասին աշխատեն դեպի ավելի կայուն և բարգավաճ ապագա»,- եզրափակել է դիվանագետը։
Հունիսի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Հունիսի 28-ին The Jerusalem Post-ի գլխավոր խմբագրի տեղակալ Թամար Ուրիել-Բերին Իսրայելին կոչ էր արել «մի կողմ դնել էգոն» և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանն Armenia Today-ին Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բացատրել էր «ցեղասպանության ենթարկված միակ ժողովուրդ բրենդի» որդեգրմամբ։ Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի կերպ չի վնասի իրեն. այն չի հերքում Հոլոքոստի փաստը։ Բալասանյանը նաև հայտարարել էր, որ Երևանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումն պատասխան էր Իսրայելի հակահայկական քաղաքականությանը։