Պարզվել է ԱՄՆ նախկին նախագահ և նոյեմբերին սպասվող ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի վրա կրակողի ինքնությունը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Նշվում է, որ նա Փենսիլվանիա նահանգի Բեթել պարկի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, ով գործել է միայնակ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ընտրողների կարգավիճակի վերաբերյալ արձանագրությունների համաձայն՝ նա ընդգրկված էր հանրապետականների ցուցակում:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարին, երբ Բայդենն ստանձնել էր նախագահությունը, տղամարդը նվիրաբերել էր 15 դոլար Progressive Turnout կազմակերպության նախագծին, որն աջակցում էր դեմոկրատներին:
Կրակողը նախկինում չի հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Տղամարդն ավարտել է դպրոցը 2022 թվականին և նույն տարում ստացել 500 դոլարի չափով մրցանակ Մաթեմատիկայի և գիտության ազգային նախաձեռնությունից։
Լրատվամիջոցները հայտնում են նաև հրաձգության մանրամասները։ Ինչպես հայտնում է AP-ն, մեկ հանդիսատես է զոհվել, ևս երկու հոգի վիրավորվել են, բոլորն էլ՝ չափահաս տղամարդիկ։
AP-ի հաղորդմամբ՝ կրակոցները հնչել են ամբարի տանիքից՝ մոտ 120 մ հեռավորության վրա այն բեմից, որտեղ Թրամփը խոսել է։ Այն սկսվել է քաղաքական գործչի բեմ դուրս գալուց մի քանի րոպե անց: Ըստ New York Times-ի վերլուծության՝ արձակվել է երկու կրակահերթ՝ սկզբում հինգ, հետո ևս երեք կրակոցով։ Հեռուստադիտողներից մեկը NYT-ին պատմել է Թրամփի վրա հարձակումից մի քանի րոպե առաջ ոստիկաններին զինված տղամարդու ներկայության մասին զգուշացնելու փորձի մասին։
Հարձակման վայրում հայտնաբերվել է AR-15 կիսաավտոմատ հրացան։ Մի քանի ականատեսներ տանիքին նկատել են ինքնաձիգով կրակողին և տեղեկություն տվել ոստիկաններին, սակայն նրանք չեն հասցրել արձագանքել, և րոպեներ անց կրակոցներ են հնչել։
Ավելի ուշ Թրամփը միջադեպի մասին խոսել է սոցիալական ցանցում։
«Ինձ դիպավ մի գնդակ, որը խոցեց աջ ականջիս վերին մասը։ Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ լսեցի սուլոցի ձայն, կրակոցներ և զգացի, որ գնդակը ծակեց մաշկս։ Սկսվեց ուժեղ արյունահոսություն, և ես հասկացա, թե ինչ է կատարվում:
«Աստված օրհնի Ամերիկան»,- ավելի ուշ Թրամփը գրել է Truth սոցիալական ցանցում։
Ըստ AP-ի՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը մահափորձից հետո ընդհատել է իր ուղևորությունը և վերադարձել Սպիտակ տուն: Բայդենը կատարվածը քննարկել է Թրամփի հետ, նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
«Այս տեսակ բռնության համար տեղ չկա Ամերիկայում»,- ընդգծել է Բայդենը տեղի ունեցածը դատապարտող հրապարակային հայտարարության մեջ:
Կատարվածը դատապարտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է. «Սա ողբերգություն է մեր ժողովրդավարությունների համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկյան ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»։
Աջակցության խոսքեր են հղել նաև Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և այլոք։