Ֆլորիդայի դաշնային շրջանային դատարանը կասեցրել է գաղտնի փաստաթղթերի սխալ պահման վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ գործը, հայտնել է CNN-ը։
Դատավոր Էյլին Քենոնի որոշման մեջ ասվում է, որ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքները հանվում են այն պատճառով, որ «հատուկ դատախազ Ջեք Սմիթի նշանակումը խախտել է ԱՄՆ սահմանադրության դրույթը»։
Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով դատարանի որոշումը, կոչ է արել բացարձակապես հանել իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և «դադարեցնել վհուկների որսը»։ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում են նաև բիզնես գրառումները կեղծելու մեջ, երբ վճարում էր պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռության համար։ Մեկ այլ դեպք կապված է 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի հետ:
Դոնալդ Թրամփին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի հունիսին՝ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու կանոնները խախտելու համար։ Գործի նյութերում ասվում էր, որ 2021 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա Սպիտակ տնից հանել է գաղտնի փաստաթղթերը և դրանք պահել Ֆլորիդայում գտնվող իր նստավայրում: Ենթադրվում էր, որ այդ փաստաթղթերը, մասնավորապես, պարունակում են տվյալներ ԱՄՆ պաշտպանական հնարավորությունների և միջուկային ծրագրերի մասին։ Նրանք հայտնաբերվել են ՀԴԲ-ի խուզարկությունների ժամանակ՝ 2022 թվականի օգոստոսին։