Կրոնական ծայրահեղականները վանդալիզմի են ենթարկել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական ընտանեկան ռեստորանը, հայտնում է Հայկական թաղամասի պահպանման նախաձեռնությունը։
Նախաձեռնությունը նշում է, որ հուլիսի 13-ին երկու ծայրահեղական է մտել Ասլանյան ընտանիքի ղեկավարած տեղական «Հայկական պանդոկ» ռեստորան և սկսել բարձր երաժշտություն հնչեցնել՝ վիրավորելով տերերին։
Դեպքի վայրից փախչելու ընթացքում նրանք վնասել են երկու հնաոճ աթոռ և կոտրել 2000 դոլար արժողությամբ ծաղկամանը։
Կառավարիչը՝ Մարկ Ասլանյանը, անմիջապես հաղորդում է ներկայացրել մոտակա ոստիկանական բաժանմունք։
Իսրայելական լրատվամիջոցները փետրվարի 4-ին հայտնել էին, որ վերջին տարիներին Երուսաղեմում քրիստոնյաների վրա հարձակումների թիվն ավելացել է։ 2023 թվականի հունվարին հաղորդվել էր, որ Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել էին պոկել Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշը։ Հրեա ծայրահեղականները հունվարի 27-ին հրահրել էին Երուսաղեմում գտնվող հայկական Taboon Wine Bar ռեստորանի աշխատակիցներին և այցելուներին:
Միաժամանակ շարունակվել է նաև դիմակայությունը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին շուրջ 30 սադրիչներ հարձակվել էին «Կովերի պարտեզում» գտնվող հայերի վրա։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ նրանք ղեկավարվում են տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող «Xana Capital» ընկերության կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել էին հոգևորականներ, հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ: Ապրիլի 3-ին մի խումբ հրեա վերաբնակիչներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել էին այդ տարածք։