Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը, սակայն քաղաքական փակուղու պայմաններում նա մնալու է ժամանակավոր պաշտոնում, հայտնում է France Press-ը։
Նշվում է, որ Ատալը և նրա կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր կաբինետի նշանակումը խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում ոչ մի քաղաքական դաշինք չի ստացել բացարձակ մեծամասնություն:
Ժամանակավոր կառավարությունը վարելու է եվրագոտու երկրորդ խոշոր տնտեսության ընթացիկ գործերը, սակայն չի կարող նոր օրենքներ ներկայացնել խորհրդարան կամ որևէ լուրջ փոփոխություն կատարել: Նրա դերը ներառում է ապահովել, որ հուլիսի 26-ին մեկնարկող Օլիմպիական խաղերը սահուն անցնեն:
Այս ժամանակահատվածը նաև քաղաքական կուսակցություններին ավելի շատ ժամանակ կտա կառավարական կոալիցիա ստեղծելու համար այն բանից հետո, երբ հուլիսի 7-ի ընտրությունների երկրորդ փուլից հետո Ազգային ժողովը մնացել է առանց ընդհանուր մեծամասնության:
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել էր ձախակողմյան «Նոր ազգային ճակատ» դաշինքը։ Երկրորդ տեղում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին հանուն հանրապետության» դաշինքը, իսկ ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունը երրորդն է։
Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 30-ին։ Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո Մակրոնը որոշում էր կայացրել ցրել խորհրդարանի ստորին պալատը։
34-ամյա Ատալը Ֆրանսիայի ապտմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է և նշանակվել էր հունվարի 9-ին։