Հայազգի գործարար, ԱՄՆ-ում բնակվող Reddit-ի 41-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է, որ իր մոտ լայմի հիվանդություն է ախտորոշվել, գրում է Daily Mail-ը։
Օհանյանն X-ում գրել է, որ ախտորոշումն իր համար շոկային է։ Նա մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակի մասին։
«Կատարել եմ բժշկական հետազոտություններ և պարզել եմ, որ լայմի հիվանդություն ունեմ։ Բարեբախտաբար, ախտանիշներ չկան, բայց ես պատրաստվում եմ բուժվել»,- գրել է նա։
Պարբերականը հայտնել է, որ հիվանդությունը տարածվում է տիզերի խայթոցի միջոցով։ Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է։ Պարբերականի տվյալներով՝ ամեն տարի ԱՄՆ-ում 476 000 մարդու մոտ կարող է ախտորոշվել լայմի հիվանդություն, որը բուժվում է։