Դեմոկրատների առաջնորդների և մտերիմ ընկերների ճնշման աճը կհամոզի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին այս շաբաթավերջին դուրս գալ նախագահական մրցապայքարից, հայտնում է Axios-ը՝ հղում անելով մի շարք բարձրաստիճան դեմոկրատների։
Պարբերականը գրում է, որ 81-ամյա նախագահն այժմ COVID-ի պատճառով ինքնամեկուսացված է և համակերպվել է ուժեղացող ճնշման, հարցումների վատ արդյունքների հետ, ինչն անհնարին է դարձնում իր քարոզարշավի շարունակումը:
Ըստ աղբյուրի՝ նախագահին ասվում է, որ եթե նա մնա, ապա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել և նոյեմբերին ջնջել Բայդենի ժառանգությունն ու դեմոկրատների հույսերը:
Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։ «Եթե ինձ մոտ ինչ-որ հիվանդություն դրսևորվի, եթե բժիշկները գան ու ասեն, որ դուք այսինչ խնդիրն ունեք, դուրս կգամ ընտրապայքարից»,- ասել էր Բայդենը։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։