Մոդել Բելլա Հադիդը պատրաստվում է Adidas ընկերության հետ դատական գործընթացի, հայտնում է «Правил жизни»-ն։
Նշվում է, որ մոդելն արդեն իսկ վարձել է փաստաբանների և պատրաստվում է դատի տալ ընկերությանը՝ հանրային պատասխանատվության բացակայության մեղադրանքով։ Նրա կարծիքով՝ ընկերությունն իր քայլերով սկիզբ է դրել դաժան և կործանարար գործընթացի։
Adidas ընկերությունն իր գովազդային արշավից հեռացրել է Հադիդին և ներողություն խնդրել նրան ներգրավելու համար։ Խնդիրը նրա պաղեստինյան ծագման մեջ է։
Հուլիս ամսին Հադիդը դարձել էր SL Super Light 72 մարզական կոշիկների գովազդային դեմքը, դրանք ստեղծվել էին 1972թ․ Մյունխենի Օլիմպիական խաղերի համար։ Խաղերի ժամանակ ահաբեկչական ակտ էր տեղի ունեցել։ Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունն սպանել էր Իսրայելի հավաքականի 11 անդամի և մեկ ոստիկանի։
Հադիդն իրեն անվանում է «հպարտ պաղեստինցի» և բացահայտ պաշտպանում է «Ազատ Պաղեստին» շարժումը։
Իսրայելա-պաղեստինական կոնֆլիկտի ֆոնին՝ գովազդի հեռարձակումը հանրային բողոք է առաջացրել, և ԱՄՆ-ի հրեական կոմիտեն կոչ է արել փոխարինել մոդելին։
«Մենք գիտակցում ենք, որ գնորդները կապ են գտել պատմական դժբախտ դեպքերի հետ, չնայած որ դա կանխամտածված չէր, և ներողություն ենք խնդրում պատճառված անհանգստության կամ վշտի համար»,- հայտարարել է Adidas-ը։