Time ամսագիրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին հայտարարությունից հետո օգոստոսյան թողարկման շապիկին տեղադրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի լուսանկարը, որը գնում է հեռացող առաջնորդի հետևից:
«Շապիկը հրապարակվել է հուլիսի 21-ին․ այն օրը, երբ Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից»,- ասվում է ամսագրի կայքում:
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա ասել էր, որ կենտրոնանալու է «միայն իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունները կատարելու վրա»: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։