ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալուց հետո ավելի քան 55 մլն դոլարի նվիրատվություն է հավաքել, հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով Դեմոկրատների համար միջոցների հավաքագրմամբ զբաղվող ActBlue հարթակին։
Ըստ տվյալների՝ նախընտրական քարոզարշավի մրցավազքից Բայդենի դուրս գալուց հետո առաջին հինգ ժամվա ընթացքում Հարիսին հաջողվել է հավաքել 27,5 մլն դոլար:
Politico-ն նշում է, որ Հարիսի առաջադրումն առնվազն 26 դեմոկրատ ամերիկացի սենատոր և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 72 անդամ է պաշտպանել: Հարիսին սատարել են նաև նահանգների բազմաթիվ նահանգապետեր։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։