ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավարար թվով ձայները՝ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով սեփական հարցմանը, որը, ըստ պարբերականի, պաշտոնական չէ և վերջնական չէ։
Գործակալության տվյալներով՝ Հարիսն ստացել է 2668 դեմոկրատ պատվիրակների աջակցությունը․ առաջադրման անհրաժեշտ քանակը 1976 է։
«ՌԻԱ Նովոստին» գրել է, որ Հարիսն ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավն «ամերիկյան ոլորաններ» կոչվող ատրակցիոնի հետ է համեմատել։
«ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավն «ամերիկյան ոլորաններն» է հիշեցնում։ Ես հասկանում եմ, քանի որ մենք բոլորս շատ խառը հույզերով ենք լցված»,- նշել է նա:
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։