Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ով վարակվածների ավելի քան մեկ քառորդը չգիտի, որ ունի այդ հիվանդությունը, իսկ վարակվածների կեսից ավելին այդ մասին շատ ուշ է իմանում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգենին հղմամբ։
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը, որը ներառում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկիր, զգալի առաջընթաց է գրանցել ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: Բժշկական տեսանկյունից մենք ունենք բոլոր անհրաժեշտ գործիքները։ Երբ մարդը ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստ է անցնում, մեր տարածաշրջանի առողջապահական համակարգերը կարող են ախտորոշել (ոմանք ավելի արագ, քան մյուսները) և բուժում տրամադրել, որը գրեթե միշտ հասանելի է և անվճար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն 72%-ն է տեղյակ իրենց կարգավիճակի մասին: Նրանց 50%-ը շատ ուշ է իմանում։
«Մենք չենք կարողանում ժամանակին հասցնել մարդկանց, և այս միտումը շարունակվել է վերջին տասը տարիների ընթացքում»,- հավելել է Կլյուգեն և ընդգծել, որ ՄԻԱՎ-ը դեռևս շարունակում է վտանգ ներկայացնել շատ մարդկանց կյանքի համար: