Իսպանական Մալյորկա կղզու հազարավոր բնակիչներ ցույց են անցկացրել զբոսաշրջիկների դեմ, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության տվյալներով՝ կիրակի օրվա ցույցին մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Ցուցարարները շրջել են Պալմա դե Մալյորկայի փողոցներով՝ «Ոչ զանգվածային զբոսաշրջությանը», «Դադարեցրեք մասնավոր ինքնաթիռների թռիչքները», «Ձեր հարմարավետությունը մեր տառապանքն է» գրություններով պաստառներով։
Ցուցարարները իշխանություններից պահանջել են նվազեցնել զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև արգելել Իսպանիայի քաղաքացիություն չունեցող կամ բնակության թույլտվություն չունեցող այցելուներին անշարժ գույք գնել։
Բողոքի կազմակերպիչների խոսքով՝ բնակարանների գները բարձրացել են զբոսաշրջիկների պատճառով, ուստի տեղացիներն «այլևս չեն կարող իրենց թույլ տալ ապրել իրենց կղզում»։
Զբոսաշրջության դեմ պայքարող ակտիվիստներն այս տարի մի շարք բողոքի ակցիաներ էին կազմակերպել հանգստի հայտնի վայրերում՝ Բարսելոնա, Պալմա դե Մալյորկա, Մալագա և Կանարյան կղզիներում:
Վերջին մեկ տարվա ընթացքում Մալյորկան և Բալեարյան մյուս կղզիները դարձել են Իսպանիայի երկրորդ ամենահայտնի շրջանը զբոսաշրջիկների շրջանում Կատալոնիայից հետո: Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Բալեարյան կղզիներ են ժամանել 14,4 միլիոն զբոսաշրջիկներ։