Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, հայտարարել է ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին, ինչն ավելի ուշ կինը հերքել է։
Ռուսաստանի ամենահարուստ կնոջ ամուսինը Wildberries-ի միավորումը GK Russ արտաքին գովազդի օպերատորի հետ «բացահայտ և լկտի ռեյդերային գրավում» է որակել։ Նա այդ մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, որը խոստացել է օգնել նրան։
Կինն իր հերթին հայտարարել է, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծվելու գործընթացի սկիզբ է։
«Վերջերս ես և մեր թիմը որոշում կայացրինք, որ մենք պետք է վերափոխվենք, որպեսզի պահպանենք աճի տեմպերը, զարգանանք և նոր հետաքրքիր պատմություններ ստեղծենք մեր գործընկերների ու հաճախորդների համար։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Վլադիսլավը 1% բաժնեմաս ունի, և նա չի մասնակցում ընկերության կառավարմանը»,- գրել է նա։
Իր հերթին Բակալչուկի ամուսինը RBC-ին տված հարցազրույցում նշել է, որ կինը տնից հեռացել է դեռ ապրիլին, իսկ ամռանն իրեն հեռացրել է աշխատանքից: Ամուսնու խոսքով՝ GK Russ-ի հետ միավորումը կինն իր հետ չի քննարկել և «փաստի առաջ է կանգնեցրել»։ Մինչդեռ կինը հայտարարել է, որ ամեն ինչ համաձայնեցվել է ամուսնու հետ։ Նրա խոսքով՝ նա անձամբ ներկա է եղել Wildberries-ի և GK Russ-ի միավորման շնորհանդեսին:
Russ-ի («РВБ» ՍՊԸ) գործադիր տնօրենը հայազգի Ռոբերտ Միրզոյանն է։ Wildberries-ը հունիսի 19-ին հայտնել էր ընկերության հետ միավորվելու մասին։