Եմենի հուսիթների «Անսար Ալլահ» շարժումն Իսրայելին «առանց կարմիր գծերի» հատուցմամբ է սպառնացել, գրում է РБК-ն։
Շարժումն այդ մասին հայտարարել է Հոդեյդա նավահանգստային քաղաքին հասցված հարվածին ի պատասխան։
Հուսիթների ներկայացուցիչ Մոհամեդ Աբդուլ Սալամը Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ շարժումը ոչ մի կարմիր գիծ չի պահպանելու:
«Բոլոր զգայուն հաստատությունները բոլոր մակարդակներում մեզ համար թիրախ կդառնան»,- ասել է նա։
Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը РБК-ին ասել է, որ հետագա էսկալացիայից պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի հուսիթների խոստացած հատուցման ակտը։
Նրա կարծիքով՝ դա կհանգեցնի հարաբերությունների լարվածության աճին ոչ այնքան Իսրայելի, որքան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ, որոնք նույնպես պարբերաբար հարվածներ են հասցնում Եմենում հուսիթների դիրքերին։
«Հեռանկարում հետագա էսկալացիան կարող է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և նրա գործընկերներին մղել տարածաշրջանում ավելի լայնածավալ գործողությունների։ Հնարավոր է, որ նրանք դադարեն սահմանափակվել միայն օդային հարվածներով և անցնեն ցամաքային գրոհների, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն Եմենի առնվազն ամբողջ ափը, ներառյալ Հոդեյդան, և որոնք գտնվում են կղզու մերձակայքում։ Այդկերպ կփորձեն նվազեցնել հուսիթների նոր հարձակումների վտանգը և անվտանգության գոտի կստեղծեն։ Դա կարող է նոր պատերազմ հրահրել և կոալիցիայի ուժերի կորուստների հանգեցնել հենց Եմենում։ Հակամարտությունը կարող է տարածվել Արաբական թերակղզու այլ պետությունների վրա»,- նախազգուշացրել է փորձագետը։
Հուլիսի 19-ին հուսիթներն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված էին հասցրել Թել Ավիվին։ Հուլիսի 20-ին իսրայելական կործանիչներն ավիահարված էին հասցրել Եմենին՝ ի պատասխան Թել Ավիվի վրա հուսիթների արձակած անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հուսիթները հուլիսի 21-ին հայտարարել էին, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի թիրախներին։