ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հարգում է Եվրամիության հետ Հայաստանի ընդլայնված համագործակցությունը, սակայն հույս ունի, որ դա չի վնասի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին Պեսկովը հայտնել է՝ մեկնաբանելով Հայաստանին 10 միլիոն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, պարզապես չէինք ցանկանա, որ այդ որոնումներն իրականացվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ-կամ»-ը։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- ասել է նա։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները»։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։ «Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ջերմ հարաբերությունները, մտադիր ենք դրանք զարգացնել, շատ ծրագրեր ունենք»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ներգրավված են բազմաթիվ ինտեգրացիոն նախագծերում։
Հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ի զինված ուժերին 10 մլն դոլարի աջակցություն տրամադրելու ծրագիրը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան աշխարհաքաղաքական հաշվարկներ էր տեսել Հայաստանի Զինված ուժերին 10 միլիոն եվրո ուղարկելու ԵՄ ծրագրերի հետևում՝ վստահություն հայտնելով, որ ԵՄ-ն ձգտում է իր կործանարար ազդեցությունը տարածել Հարավային Կովկասի վրա։