ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածուի իր քարոզարշավի առաջին տեսանյութը, հայտնել է «Կոմերսանտ»-ը։ Դրանում նա հաստատել է ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։
«Ոմանք կարծում են, որ մենք պետք է լինենք քաոսի, վախի և ատելության երկիր: Բայց մենք ընտրում ենք այլ բան՝ մենք ընտրում ենք ազատությունը»,- տեսանյութում Քամալա Հարիսը կրկնել է իր խոսքերը, որոնք նա ասել է շաբաթվա սկզբին կայացած հանրահավաքում:
Նյութում Հարիսն ասում է նաև, որ պատրաստ է պայքարել ԱՄՆ-ի հեռանկարների և զարգացման համար։ Տեսանյութում «ոչ ոք օրենքից վեր չէ» գրությամբ հայտնվում է Դոնալդ Թրամփի լուսանկարը բանտից, որն արվել է նրա ձերբակալության ժամանակ։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։