Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհվել են առնվազն ինը երեխաներ և դեռահասներ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանին։
«Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի խաղահրապարակում խաղացող երեխաներին հարվածել է «Հեզբոլլահի» արձակած հրթիռը, մինչ այժմ 9 իսրայելցի երեխաներ և դեռահասներ են զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Գենդելմանը հավելել է, որ Իսրայելը կատարվածի համար պատասխանատու է համարում Լիբանանին և շիական «Հեզբոլլահին» և պատրաստում է հզոր պատասխան հարված։ «Հեզբոլլահն» իր հերթին հերքել է հրթիռի արձակմանն առնչություն ունենալը:
Իսրայելի վարչապետի խորհրդականը նաև նշել է, որ «Իսրայելի պատասխանը կլինի շատ կոշտ»: «Լիբանանը և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը, որը գործում է Իրանի գլխավորությամբ, պատասխանատու են ագրեսիայի և դրա հետևանքների համար»,- գրել է նա։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հրթիռը արձակել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները:
Ֆուտբոլի խաղադաշտի վրա հարձակումը հաջորդել է Լիբանանում իսրայելական հարվածին, որի հետևանքով սպանվել են չորս զինյալներ, հայտնել է Reuters-ը: Ըստ պարբերականի՝ հարավային Լիբանանի Քֆարկիլայի վրա իսրայելական հարվածի ժամանակ սպանված չորս զինյալները տարբեր զինված խմբավորումների անդամներ են, որոնցից առնվազն մեկը «Հեզբոլլահի» ներկայացուցիչ է:
Մաջդալ Շամսը Գոլանի բարձունքներում է՝ Իսրայելի և Սիրիայի սահմանազատման գծի մոտ, և Իսրայելի վերահսկողության տակ է 1967 թվականի վեցօրյա պատերազմից ի վեր։ Այնտեղ բնակչության մեծամասնությունը դրուզներ են՝ առանձին արաբախոս էթնո-դավանական խումբ։ Այն Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի չորս դրուզական բնակավայրերից ամենամեծն է: